ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կիրո Մանոյան. Ճանաչման տարբեր մակարդակներ կան

Կիրո Մանոյան. Ճանաչման տարբեր մակարդակներ կան
11.05.2016 | 23:37

Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը այսօր լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե որ դեպքում Հայաստանը պետք է ճանաչի Արցախի Հանրապետության անկախությունը, ասաց, թե նախագահն արդեն հայտարարել է, թե ինչ պայմաններում պետք է ճանաչվի ԼՂՀ անկախությունը: «Բայց կարծում եմ, որ մենք ճիշտ չենք ասում, երբ ձևակերպում ենք, թե կարծես Հայաստանը ոչ մի ճանաչում չի տվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը: Այդպես չէ, օրինակ՝ Հայաստանի Հանրապետության կողմից տրված ճանաչման և Միացյալ Նահանգների կողմից չտրված ճանաչման միջև մեծ տարբերություն կա: ՀՀ-ում գործում է ԼՂՀ ներկայացուցչություն, դիվանագիտական նույն իրավունքներով ու կարգավիճակով, ինչ ԱՄՆ-ի դեսպանությանն է: Երկու երկրների միջև կան ստորագրված պայմանագրեր, նախագահներին իրար նախագահ են ասում: Հետևաբար ասել, թե Հայաստանը չի ճանաչում, այդքան էլ ճիշտ չէ»,- ասաց Կիրո Մանոյանը՝ ավելացնելով, թե ճանաչման տարբեր մակարդակներ կան:


Նա նշեց, թե Հայաստանը պետք է շեշտը դնի փոխօգնության պայմանագրի վրա. «Դա, իսկապես, պետք է իրականություն դառնա, կարիք չկա նոր առիթների սպասելու, որովհետև այդ առիթը եկավ, գնաց, այդ առիթով էր, որ հայտարարվեց նման պայմանագրի ստորագրության անհրաժեշտության մասին: Պետք չէ շատ երկար ձգել այս վիճակը»: Կիրո Մանոյանն ասաց, թե ի վերջո անկախության ճանաչմանը նաև կարող է հաջորդել միացման հայտարարությունը, այսինքն` երկու անկախ պետություններ միասին կորոշեն միանալ: Նրա գնահատականով՝ Հայաստանի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչումը հասցեագրված է ոչ թե Ադրբեջանին, այլ միջազգային համայնքին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին:


Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի՝ բանակցային սեղան վերադառնալուն, Կիրո Մանոյանն ասաց. «Հայաստանն ինչ-որ տեղ իրավունք էլ չունի Ղարաբաղի Հանրապետությանը ներկայացնելու։ Դրա համար է, որ ասում ենք՝ այդ հարաբերությունը պայմանագրում սահմանվի, որպեսզի աշխարհն էլ հասկանա: Եվ երկրորդ, միշտ էլ ասել ենք, որ ԼՂՀ-ն պետք է ուղղակի մասնակիցը դառնա բանակցություններին և այդ բանակցությունների սկզբից, այլ ոչ թե ինչ-որ հանգրվանից հետո, ինչպես ասում են համանախագահողները»: Նրա խոսքով՝ այդ ինչ-որ հանգրվանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կդրվի բավական դժվար վիճակում:


«Որովհետև եթե արդեն ինչ-որ հարցերի շուրջ համաձայնվել են, դրանց դեմ գնալ՝ կնշանակի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կեցվածքի դրսևորում»:

Դիտվել է՝ 2338

Մեկնաբանություններ